0%

16 հոկտեմբեր 2024

ՀՀ Կառավարության և «Ռենշինի» համատեղ նախագիծը՝ Համաշխարհային Առևտրի Կենտրոն Երևանը, համագործակցության պայմանագիր է կնքել հեղինակավոր Colliers ընկերության հետ

Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի և Colliers-ի միջև կնքված պայմանագրին նախորդել է երկարատև և բարդ տենդերային գործընթաց, ինչի արդյունքում բոլոր մասնակիցներից նախապատվություն է տրվել Colliers-ին՝ հաշվի առնելով ընկերության փորձառության շնորհիվ լայն ճանաչումը անշարժ գույքի և նախագծերի կառավարման ոլորտներում, խոշորածավալ նախագծերի իրականացման տպավորիչ հետագիծը։

Nasdaq և Toronto ֆոնդային բորսաներում գրանցված Colliers  համաշխարհային ընկերությունը դիվերսիֆիկացված նախագծերի կառավարման առաջատարն է։

Colliers Project Leaders – Middle East-ը ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի կառուցման գործընթացի ամբողջական կառավարումը, ինչը, որպես կառավարման մոդել, նաև նորամուծություն է հայկական շուկայում։

Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը պետական-մասնավոր համագործակցությամբ ամենախոշոր նախագիծն է Հայաստանում, որն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից։ Այն առաջարկելու է նորագույն, բազմաֆունկցիոնալ անշարժ գույք՝ կոմերցիոն, գրասենյակային, հյուրանոցային տարածքներով, խանութներով և ցուցասրահներով։

«Ուրախ ենք, որ Հայաստանում իրականացվող այս խոշորամասշտաբ ծրագիրը հետաքրքրել է համաշխարհային առաջատար այս ընկերությանը։ Հայաստանի կառավարությունը հետամուտ է լինելու, որ նաև Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան նախագծի միջոցով մեր երկիրը ներդրումների համար է՛լ ավելի գրավիչ և հետաքրքրական դառնա»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Colliers Project Leaders-ը, որը տեսլականի վրա հիմնված առաջնորդության, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաների և գործիքների ներդրման շնորհիվ ոլորտի առաջատարներից է, վերաձևում է նախագծերի կառավարումը աշխարհի 68 երկրներում, այսուհետև նաև Հայաստանում կներկայացնի իր կարողություններն ու փորձը՝ Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի հետ համագործակցության արդյունքում գրասենյակ բացելով Հայաստանում։

«Մենք մշտապես շեշտադրել ենք մեր կարողությունների շարունակական զարգացումը՝ շուկայի կարիքներին համապատասխանելու նպատակով։ Լինի դա համաշխարհային լավագույն փորձի ներդրումը, թե առաջնորդող տեխնոլոգիաների մշակումը, մեր վերջնանպատակը բարձրակարգ արդյունքներ ապահովելն է։ Այս ծավալի նախագծի իրագործումը պահանջում է ոլորտն առաջնորդող տեխնոլոգիաներ և տեխնիկական փորձառություն, որը մեր ապացուցված առավելությունն է։ Մենք շնորհակալ ենք «Ռենշին» ներդրումային-քաղաքաշինական ընկերությանը և Հայաստանի կառավարությանը՝ այս խոշորածավալ նախագիծը մեզ վստահելու համար և անհամբերությամբ սպասում ենք մեր համագործակցության մեկնարկին»,- ասել է  Colliers, Middle East & India ընկերության նախագահ և կառավարիչ-տնօրեն Սանկեյ Պրասադը։

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը խոստանում է Երևանի նոր դեմքը դառնալ։ Այս խոստումն ի կատար ածելու համար մենք ներգրավում ենք լավագույն տաղանդներին, լավագույն փորձառությունն ու լավագույն համաշխարհային ընկերություններին։ Ուրախ ենք՝ Colliers Project Leaders-ն ընտրվել է որպես մեր վստահելի գործընկեր՝ նաև դառնալով նրանց Հայաստանում մշտական ներկայության առիթը։ Ընկերության այս որոշումը լիարժեք համընկնում է Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի առաքելության հետ՝ խթանել միջազգային բիզնես հարաբերությունները և ընդլայնել Հայաստանի մասնակցությունը համաշխարհային առևտրին և ներդրումներում»,- ասել է Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի գործադիր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ  Արտաշես Տոնոյանը։

Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի և Colliers-ի միջև այս բացառիկ և Հայաստանի տնտեսության համար զգալի նշանակություն ունեցող համագործակցության շնորհիվ՝ Հայաստանի ներդրումային և կոմերցիոն անշարժ գույքի ոլորտը նոր մոտեցումներ կունենա՝ կառուցապատման և քաղաքաշինական նախագծերի մշակման և կառավարման տեսանկյունից, ինչն էապես կանդրադառնա ոլորտի և տնտեսության զարգացման վրա։

ՎԵՐԵՎ