Երկխոսություն՝ կառուցապատողի և ճարտարապետի միջև։ Պանելային քննարկում «ՆՊԱՏԱԿԻ» շրջանակներում
Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ռենշին» ընկերությունը հովանավորում է Հայաստանում նախատիպը չունեցող «ՆՊԱՏԱԿ» ճարտարապետական փառատոնը։ Դրա շրջանակներում ճարտարապետական համայնքը հնարավորություն է ստանում ծանոթանալ ոլորտի ժամանակակից տենդենցներին, հանդիպել հեղինակավոր ստուդիաների մասնագետների, շփվել ու ճանաչել միմյանց։ Այս տարի «Ռենշինը» ոչ միայն աջակցում էր «ՆՊԱՏԱԿ»-ին, այլ նաև ներկայացավ ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող թեմայի քննարկմանը՝ պանելային ձևաչափով։
«Արդյունավետ աշխատանք ճարտարապետի և կառուցապատողի միջև» խորագրով քննարկմանը Ռենշինը ներկայացնում էր ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար՝ Կոնստանտին Ավկսենտևը։ Կոնստանտինը աշխատել է ԱՄՆ-ի, Իտալիայի և Ռուսաստանի քաղաքաշինության, ճարտարապետության և անշարժ գույքի զարգացման մի շարք նախագծերի՝ այդ թվում International Property Awards մրցանակին արժանացած Rostec City Business Park- ի մասշտաբային նախագծի վրա։ Քննարկման մյուս մասնակիցների հետ, որոնք ներկայացնում էին տարբեր ճարտարապետական բյուրոներ, նախագծերի կառավարման գրասենյակներ, քննարկվում էր՝ թե ինչպես է նախագծերի կառավարումը դառնում երկխոսության հարթակ՝ համադրելով թե՛ կառուցապատողների, թե՛ ճարտարապետների և թե՛ մյուս ներգրավված կողմերի հետաքրքրություններն ու կարողությունները։
Կոնստանտինը ներկայացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում իրականացվող կառուցապատման և անշարժ գույքի կառավարման նախագծերի ընթացքում հանդիպող դժվարությունները, կիսվեց իր արժեքավոր փորձով։
«Ուրախ ենք, որ այպիսի քննարկումների միջոցով մենք կարողանում ենք բարձրաձայնել այն հարցերը, որոնք հուզում են բոլորին, բայց չեն բարձրաձայնվում։ Կարևոր է, որ հատկապես ճարտարապետների երիտասարդ սերունդը տեղեկանա, թե կառուցապատողների պատկերացումները որոնք են նախագծերի վերաբերյալ, և ինչ գործիքներ կան նախագծերի կառավարման ոլորտում, որոնք օգնում են արդյունավետ երկխոսություն ձևավորել»,- իր խոսքում ասաց Կոնստանտինը։
Պանելային քննարկման ավարտին ներկաները՝ այդ թվում միջազգային բյուրոների ներկայացուցիչներն, իրենց հարցերը հղեցին խոսնակներին՝ ստանալով այս թեմայի վերաբերյալ իսկապես կարևոր պատասխաններ, գործնական լուծումներ և ուղենիշեր, որոնք կարող են օգտակար լինել հետագա նախագծերում։