23 հոկտեմբեր 2026

Renshin-ի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

Renshin քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է: Ընկերությունից հայտնում են, որ թեև պարտատոմսերի տեղաբաշխման վերջնաժամկետը պաշտոնապես սահմանված էր մինչև 2027թ. փետրվարի 2-ը, բարձր պահանջարկի արդյունքում՝ ամբողջ ծավալը  շուկայում իրացվել է հաշված օրերի ընթացքում: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:

Renshin-ի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

Անդրադառնալով տեղաբաշխման արդյունքներին՝ Renshin ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը նշել է.

«Պարտատոմսերի հերթական թողարկման նման արագ տեղաբաշխումը հստակ ցուցիչ է, որ կապիտալի շուկայում ձևավորվել է կայուն և բարձր վստահություն Renshin-ի ռազմավարական տեսլականի նկատմամբ: Ներդրողների այսպիսի ակտիվ արձագանքը ևս մեկ անգամ փաստում է մեր ընկերության հանդեպ ձևավորված մեծ հետաքրքրությունը՝ որպես հուսալի թողարկողի: Ինչպես նախորդ, այնպես էլ այս փուլի արագընթաց տեղաբաշխումը մեզ համար ոչ միայն շոշափելի գնահատական է, այլև չափազանց պարտավորեցնող՝ շարունակելու գործել կորպորատիվ կառավարման, ֆինանսական կարգապահության և թափանցիկության՝ մեր որդեգրած ամենաբարձր ստանդարտներով»:

Շուկայում գրեթե 25 տարվա փորձ ունեցող Renshin-ի գործունեությունն այսօր ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք։ Ընկերության կողմից ներգրավված ներդրումները գերազանցում են 2 միլիարդ ԱՄՆ դոլարը: Ընկերությունը շարունակում է վերափոխել մայրաքաղաքի դիմագիծն ու վերաիմաստավորել քաղաքային միջավայրն այնպիսի նախագծերով, ինչպիսիք են երկնաքերերով առաջին թաղամասը՝ Skyline-ը, համաշխարհային Kempinski ցանցի կողմից բրենդավորված Artlife Kempinski Residences համալիրը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը (WTCY), Թումանյան 8 հասցեում կառուցվող համալիրը և Կասկադի վերակառուցման նախագիծը: 

 

ՎԵՐԵՎ