Բուրջ Խալիֆայի հայազգի ինժեներ Մարկ Սարկիսյանը՝ Հայաստանում
«Սեյսմիկ անվտանգությունը կարող է նաև հնարամիտ, ստեղծարար և գեղեցիկ լինել»,- Հայաստանում է հեղինակավոր SOM ընկերության Սան Ֆրանցիսկոյի գրասենյակի սեյսմիկ և կառուցվածքային ճարտարագիտության գործընկեր, հայազգի Մարկ Սարկիսյանը։
Արդեն 4-րդ անգամ «Ռենշին» ընկերության և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան»-ի հրավերով Հայաստան են ժամանում համաշխարհային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ՝ գիտելիքի, փորձի, նոր գաղափարների իրենց տեսլականը բերելով Հայաստանի կառուցապատման, շինարարության, ճարտարապետության ոլորտի մասնագետների և ուսանողների համար։
Մայիսի 31-ին պարոն Սարկիսյանը դասախոսություն կարդաց «Հնարամիտ ճարտարապետություն՝ ոգեշնչված ստեղծարար ինժեներիայից» թեմայով։ Սա ֆանտաստիկ հնարավորություն էր ճարտարապետների, կառուցապատողների, ինժեներների և ոլորտի ուսանողների համար՝ ծանոթանալու պարոն Սարկիսյանի փորձառությանը և բարձրահարկ շինարարության վերջին միտումներին, հատկապես սեյսմիկ ակտիվ գոտիներում:
Սեյսմիկ անվտանգությունը հատկապես մեր երկրի համար մեծ նշանակություն ունի, սակայն, ցավոք սրտի, այս ոլորտի ժամանակակից գիտելիքն ու փորձը հասանելի չէ մեծ թվով մասնագետների։ Պարոն Սարկիսյանի դասախոսությունը աշխարհում ամենաբարձրահարկ շենքերի սեյսմիկ ինժեներիայի մասին, թույլ կտա լրացնել այդ բացը,- ասել է «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։
Շատ կարևոր է, որ մենք նաև ճանաչենք հայազգի այն մասնագետներին, որոնք այսօր ճարտարապետության, ինժեներիայի ու կառուցապատման ոլորտում եղանակ ստեղծող են։ Մարկ Սարկիսյանն այդ հնչեղ անուններից մեկն է, ու մենք ուրախ ենք, որ նա մեծ պատրաստակամություն հայտնեց և ներկայացրեց իր փորձն ու գիտելիքները,- կարծում է «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան»-ի տնօրեն Արտաշես Տոնոյանը։
Ժամանակակից աշխարհում սեյսմիկ անվտանգությունը յուրահատուկ ճարտարապետության հետ միաձուլվում է, ինչն էլ հիմք է տալիս հնարամիտ ճարտարապետական նախագծերում ինժեներիային ստեղծարար մոտեցում ցուցաբերել։ Ուրախ եմ, որ այսօր կարող եմ այդ մոտեցումները ներկայացնել ներկաներին, բայց հատկապես՝ ուսանողությանը,- ասել է SOM ընկերության Սան Ֆրանցիսկոյի գրասենյակի սեյսմիկ և կառուցվածքային ճարտարագիտության գործընկեր Մարկ Սարկիսյանը։
Դասախոսությանը ներկա էին Հայաստանի ճարտարապետական բյուրոների և կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներ։ Ներկաներին հատկապես տպավորել էին Սարկիսյանի փորձի դյուրին կիրառության հնարավորությունները Հայաստանում իրականացվող կառուցապատման նախագծերում։
Միջոցառումը տեղի է ունենում «Ռենշին»-ի՝ իրեն հասանելի միջազգային գիտելիքների փոխանակման հանձնառության և Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանի՝ Հայաստանի մասնագիտական ցանցն ընդլայնելու առաքելության շրջանակներում: