0%

04 հոկտեմբեր 2024

Եվրոպական քաղաքաշինական ստանդարտներ Հայաստանում՝ «Ռենշինի» ջանքերով

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության հրավերով Հայաստանում էին գտնվում բարդ ինժեներական կոնստրուկցիաների նախագծման ոլորտի համաշխարհային բացարձակ առաջատար անգլիական «Առուպ» ընկերության գլոբալ օպերացիոն տնօրեն Մարկ Չաունը և Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Տեորան:  Վերջիններս «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովի և նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կոնստանտին Ավկսենտևի հետ համատեղ աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի խորհրդական Հովսեփ Հովեյանի հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել բարդ ինժեներական կոնստրուկցիաների մշակման և սեյսմակայուն նախագծերի իրականացման համաշխարհային լավագույն փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունները, հեղինակավոր ընկերության հետ համագործակցության հեռանկարները։

«Առուպ» ընկերությունը ներկայումս մշակում է «Ռենշին» ընկերության «Սքայլայն» նախագծի կոնստրուկցիաները՝ առաջին անգամ մեր երկրում կիրառելով ժամանակակից ինժեներական պրակտիկան՝ բարձրահարկ շենքերի կառուցման ընթացքում։

Պարոն Եղիազարյանը, կարևորելով նման մասշտաբի նախագծերի իրականացումը, ընդգծեց եվրոպական քաղաքաշինական ստանդարտների ներդրման անհրաժեշտությունը՝ ի լրում Հայաստանում ներկայումս կիրառվողների։ Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նա նշեց.

«Հայաստանում իրականացվող նախագծում ձեր ներգրավմամբ և միջազգային ահռելի փորձառությունը Հայաստանում ներկայացնելով՝ մեր երկրի քաղաքաշինության ոլորտը կզարգանա։ Նաև հույս ենք հայտնում, որ այս բարդ, հետաքրքիր ու միևնույն ժամանակ կենսական կարևորություն ունեցող ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա՝ հատկապես երիտասարդների և ապագա պրոֆեսիոնալների շրջանում»։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նաև մատնանշեց երիտասարդներին լավագույն գիտելիքը փոխանցելու անհրաժեշտությունը։

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում ներգրավված ենք այսպիսի մասշտաբային և տպավորիչ նախագծում։ Ուրախ ենք, որ մեր գործունեության արդյունքում կարողանալու ենք Հայաստան բերել միջազգային լավագույն փորձը՝ սեյսմակայուն և բարդ ինժեներական նախագծերի իրականացման հարցում։ Ուրախ ենք նաև, որ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն ևս հետաքրքրված է քաղաքաշինության լավագույն ստանդարտների ներդրման հարցով»,- իր խոսքում նշեց «Առուպ» ընկերության գլոբալ օպերացիոն տնօրեն Մարկ Չաունը։

«Ուզում եմ նշել, որ «Առուպ» ընկերութան տարբեր պրոֆեսիոնալներ ներգրավված են եվրոպական մի շարք երկրներում քաղաքաշինության ստանդարտների մշակման ու կատարելագործման պետական ինստիտուտների աշխատանքներում ՝ որպես խորհրդի անդամ։ Այնպես որ, մեր ընկերությունում արդեն իսկ առկա է առաջարկվող համագործակցության նմանատիպ փորձ։ Մենք ևս ուրախ կլինենք մասնակցել Հայաստանում նոր ու լավագույն ստանդարտների ներդրմանը»,- ասաց «Առուպ» ընկերության Իտալիայի գրասենյակի ղեկավար Մաուրիցիո Տեորան, ով նաև մի շարք աշխարհահռչակ բազմահարկ նախագծերի կոնստրուկտորն է։

«Ուրախ ենք, որ նմանատիպ նախագծերի միջոցով կարողանում ենք ոչ միայն Հայաստան բերել նոր ստանդարտներ, այլ նաև մեր միջազգային գործընկերների և Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորություն ստեղծել»,- ասել է «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։

Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում ևս հանդիպումներ կազմակերպել Հայաստանում եվրոպական ստանդարտների ներդրման գործընթացն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղղություններ զարգացնելու նպատակով։ Նախատեսվում է նաև կնքել համագործակցության հուշագիր՝  անգլիական հեղինակավոր ընկերության և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի միջև։

ՎԵՐԵՎ