0%

25 մայիս 2023

Հեղինակավոր «Foster+Partners» ընկերությունը Հայաստանում ներկայացրեց կայուն ճարտարապետության հայեցակարգը

World Trade Center Yerevan-ի և Renshin Urban Investments-ի նախաձեռնությամբ՝ մայիսի 25-ին Հայաստանի ճարտարապետների համայնքը հնարավորություն ունեցավ ծանոթանալ ճարտարապետության նորագույն ուղղության՝ կայուն ճարտարապետության առանձնահատկություններին՝ «Foster+Partners» աշխարհահռչակ ընկերության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում։

Մայիսի 25-ին «Foster+Partners» աշխարհահռչակ ճարտարապետական ընկերության ղեկավարներ Նայըլ Դեմփսին և Խուան Ֆրիջերիոն հանդիպեցին Հայաստանի ճարտարապետեների և կառուցապատողների համայնքի հետ։ World Trade Center Yerevan կամակերպության և Renshin Urban Investments ընկերության հրավերով Հայաստանում գտնվող հեղինակավոր ճարտարապետները ներկայացրեցին «Foster+Partners»-ի գործունեության հիմք հանդիսացող կայուն ճարտարապետության կոնցեպտը՝ իրականացված նախագծերի օրինակներով, ընդգծելով այս կոնցեպտի առավելությունները, առանձնահատկությունները և նորարարական մոտեցումները։

World Trade Center Yerevan-ը, առաջնորդվելով գիտելիքի փոխանակման և միջազգային լավագույն բիզնես փորձը Հայաստանում հասանելի դարձնելու իր մոտեցմամբ, արդեն 3-րդ անգամն է հրավիրում միջազգային հեղինակավոր ընկերությունների՝ հենց այդ առաքելությամբ։ 

Ընդգծելով կայուն զարգացման հեռանկարները՝ World Trade Center Yerevan կազմակերպության տնօրեն Արտաշես Տոնոյանը նշեց.

«World Trade Center Yerevan-ը աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների հետ նման հանդիպումների միջոցով փորձում է Հայաստան բերել բիզնեսում միջազգային լավագույն փորձն ու կոնցեպտները, որոնք կարող են և պետք է ներդրվեն Հայաստանում։ Այս առումով «Foster+Partners» ճարտարապետական ընկերության հետ այս քննարկումը «կայուն ճարտարապետության» թեմայով նաև լավագույնս ներկայացնում է բիզնեսի զարգացման նոր խթաններ առաջարկելու մեր առաքելությունը՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգին համահունչ և ցույց տալ, թե ինչպես են դրանք օգնում բիզնեսի և հասարակությունների զարգացմանը»։ 

Բացման խոսքից հետո ելույթ ունեցավ Միացյալ թագավորության դեսպան, նորին գերազանցություն Ջոն Գալագերը՝ իր խոսքում շեշտադրելով կայուն ճարտարապետության կարևորությունը կլիմայի փոփոխությունների ազդեցությունների նվազեցման հարցում։

«Ուրախ եմ այսօր այստեղ լինելու համար։ Կլիմայի փոփոխությունների ազդեցությունը նվազեցնելու համար շինարարության և ճարտարապետության ոլորտը կարևոր նշանակություն ունեն։ Լավ լուրն այն է, որ Միացյալ Թագավորությունը կարող է այդտեղ իր փորձագիտական կարողությունները բերել ոլորտին։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք լսելու ենք ՄԹ առաջատար ընկերությունների մեկի՝ Foster and Partners-ի ներկայացուցիչներին, որոնք իրենց փորձով կկիսվեն Հայաստանի ճարտարապետների, ուսանողների և համայնքի ներկայացուցիչների հետ»,- ասաց Միացյալ Թագավորության դեսպան Գալագերը։

 «Հայաստանը նոր երկիր է մեզ համար, և մենք ուրախ ենք, որ կարող ենք այն բացահայտել։ Հիմա մենք ուզում ենք ձեզ հրավիրել մեր աշխարհ՝ Foster and Partners: Մենք նախագծում ենք մասշտաբային ծրագրերից՝ օդանավակայններից մինչև դռների բռնակներ։ Որպես ճարտարապետներ՝ մենք համարում ենք, որ պետք է դուրս գանք շենքերի սահմանափակ մտածողությունից և ստեղծենք ենթակառուցվածքներ, որոնք սոսնձում են քաղաքային միջավայրի տարբեր բաղկացուցիչները։ Սա այն կետն է, որտեղ հատկապես կարևորվում է կայուն ճարտարապետությունը։ Այն միավորում է բազմաթիվ մասնագիտություններ և մոտեցումներ։ Հենց այս կոնցեպտն է, որ արդեն այսօր ստեղծում է ապագայի քաղաքները, որոնք հաշվի են առնում մարդու և բնության ներդաշնակ համակեցության բոլոր ասպեկտները»,- ասում է Նայըլ Դեմփսին։ 

«Հեղինակավոր ճարտարապետների հանդիպումը մեր համայնքի հետ հրաշալի հնարավորություն էր՝ հերթական անգամ միջազգային նորագույն կոնցեպտների վրա ուշադրություն դարձնելու և դրանք Հայաստանում կիրառելու հնարավորությունները դիտարկելու համար։ Համոզված ենք, որ այս հանդիպումից հետո Հայաստանի ճարտարապետների նոր նախագծերում կտեսնենք քննարկված կոնցեպտները և մոտեցումները»,- համոզմունք հայտնեց «Ռենշին» ընկերության օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը։ 

Շնորհանդեսի ավարտից հետո ներկաները հնարավորություն ունեցան հարցեր հղել խոսնակներին, քննարկել Հայաստանում կայուն ճարտարապետության կոնցեպտի կիրառության տարբերակները և հույս հայտնեցին, որ նման հանդիպումները էլ ավելի հաճախ կկազմակերպվեն։

***

ՎԵՐԵՎ