Պոլիտեխնիկի վերանորոգված Մանկապարտեզում մեկնարկեց նոր ուսումնական տարին:
Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզի վերանորոգված գործող հատվածի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որով մանկապարտեզում մեկնարկեց նոր ուսումնական տարին։ Մանկապարտեզը նորոգվել ու նոր գույքով համալրվել է «Ռենշին» ընկերության հիմնադիրներ Արայիկ Կարապետյանի և Էդուարդ Մարությանի բարեգործության շնորհիվ։
Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, «Ռենշին» ընկերության հիմնադիրներ Արայիկ Կարապետյանը և Էդուարդ Մարությանը, պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Էլբակ Էլբակյանը, Միջազգային համագործակցության և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը, Գիտության և գիտատեխնոլոգիական համագործակցության գծով պրոռեկտոր Արեգ Գրիգորյանը, Մանկապարտեզի տնօրեն Նարինե Բախչինյանը, ՀԱՊՀ ինստիտուտների տնօրենները, դասախոսները, աշխատակիցները, ուսանողները և, իհարկե, մանկապարտեզի սաները։ Բացման պաշտոնական խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանը։ Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով «Ռենշին» ընկերության հիմնադիրներին, ռեկտորը նշեց, որ Մանկապարտեզում կատարած բարեգործությունը արտահայտվելու է ոչ միայն Պոլիտեխնիկական համալսարանի, այլև մեր հայրենիքի կրտսեր սերնդի կրթության որակի և ապագայի համար։
Ռեկտոր Գ․ Վարդանյանը «Ռենշին» ընկերության բաժնետեր, խորհրդի նախագահ Արայիկ Կարապետյանին պարգևատրեց ՀԱՊՀ Վաստակագրով՝ Պոլիտեխնիկական համալսարանի մանկապարտեզը բարեգործական հիմունքներով վերանորոգելու և տեխնիկական ու գույքային միջոցներով համալրելու համար։
Այնուհետև խոսքը տրվեց Ա․ Կարապետյանին։ Բարերարը նշեց, որ աշխատանքները սրտանց և սիրով են կազմակերպել․ «Այս պահը շատ պարտավորեցնող է․ ուրախ եմ տեսնել այս գեղեցիկ միջավայրը, որը ստեղծվել է երեխաների համար։ Մեր ընկերությունը կշարունակի օգնել ՀԱՊՀ մանկապարտեզին, էլ ավելի բարելավել շենքային պայմանները»,-ասաց Ա․Կարապետյանը։ Իր հերթին մանկապարտեզի տնօրեն Ն․ Բախչինյանը մանկապարտեզի աշխատակազմի և իր անունից շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանի և «Ռենշին» ընկերությանը՝ փոքրիկներին տրված մեծ նվերի համար։ «Վերջապես մեր փոքրիկները հաճախելու են ժամանակակից պայմաններով հագեցած նոր մանկապարտեզ», – նշեց Ն․ Բախչինյանը։ Արարողակարգային միջոցառման ավարտից հետո ներկաները շրջայց կատարեցին վերանորոգված սենյակներում, ծանոթացան և շփվեցին երեխաների հետ։